Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մարդկանց իրավունքների ժխտումը հավասարազոր է ինքնին նրանց մարդ լինելը կասկածի տակ դնելուն»

«Մարդկանց իրավունքների ժխտումը հավասարազոր է ինքնին նրանց մարդ լինելը կասկածի տակ դնելուն»
06.03.2014 | 13:28

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան քննարկման ժամանակ.

«Պարոն նախագահ,
Տիկնայք և պարոնայք,
Ես կցանկանայի միանալ նախորդ ելույթ ունեցողներին և շնորհավորել պարոն Բոդլեր Նդոնգ Էլլային` Մարդու իրավունքների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան այդ կարևոր առաքելությունում:
Ներկայիս աշխարհում, ուր մարդու իրավունքները կարևորվում են ավելի քան երբևէ, և միևնույն ժամանակ խախտվում են ոչ պակաս, քան նախկինում, Ազգերի այս պալատում առավել քան տեղին են աշխարհում մարդու իրավունքների ամենանվիրյալ անձերից մեկի` Նելսոն Մանդելայի խոսքերը. «մարդկանց իրավունքների ժխտումը հավասարազոր է ինքնին նրանց մարդ լինելը կասկածի տակ դնելուն»:
Մարդու իրավունքների խորհուրդը անդրադարձել է շատ հարցերի` փորձելով պատասխանել աշխարհի տարբեր մասերում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին:
Հատկապես էական է կենտրոնանալ կանխարգելման հայեցակարգի վրա: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Հնգամյա Գործողությունների Օրակարգը հատուկ ուշադրության է արժանացնում կանխարգելման հարցը: Վաղաժամ կանխարգելումն, անշուշտ, կարող է կանխել հակամարտությունների սրումը, ողբերգությունները, մարդկության դեմ հանցագործությունները: Այս օրակարգի իրականացումը թույլ է տալիս մեզ դիտարկելու կանխարգելման խնդիրը գլոբալ մակարդակով, հնարավոր սպառնալիքների պարբերական գնահատման միջոցով:
Առավել վտանգավոր հետևանքների տանող նման սպառնալիքներից մեկը ատելության քարոզչությունն է ռասայական, էթնիկ կամ կրոնական հիմքերով: Այս քարոզչությունը հաճախ զուգորդվում է ագրեսիվ ռազմատենչ հռետորաբանությամբ: Հարավկովկասյան տարածաշրջանը նախկինում ականատես է եղել և հիմա էլ ականատես է նմանատիպ սպառնալիքների: Նմանատիպ քարոզչությունը նախորդեց Ադրբեջանում հակահայկական ջարդերին Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և շատ այլ վայրերում, երբ հազարավոր հայեր խոշտանգվեցին, սպանվեցին, և այդպիսով սկսվեցին հայերի էթնիկ զտումները Ադրբեջանի տարածքում: Քսանհինգ տարի անց ներկայիս Ադրբեջանում նույնանման և նույնիսկ ավելի սուր ատելության, պատերազմի քարոզչության տարածումը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հաճախ հանգեցնում է իրավիճակի սրման և անմեղ կյանքերի կորստի:
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում խորը անհանգստությամբ նշել է «Հայաստանի Հանրապետության դեմ մշտապես բացասական պաշտոնական և լրատվական մեկնաբանությունների» մասին և խորհուրդ էր տալիս Ադրբեջանի ղեկավարությանը «որդեգրելու պատշաճ պատասխան քայլեր՝ հայերի դեմ խտրականության և ատելության քարոզման բոլոր դեպքերի համար»: Մեր կազմակերպության պատասխանատու բնույթը ենթադրում է համապատասխան գնահատական և համարժեք արձագանք այս վարքագծին:


Պարոն նախագահ,
ՄԱԿ-ի պայմանագրային կառույցները կարևոր գործ են կատարում դիտարկելու աշխարհում մարդու իրավունքների վիճակը և օգնելու պետություններին բարելավելու դրանց պաշտպանությունը: Մենք հատկապես գնահատում ենք ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի աշխատանքը, որը վերջերս պատրաստեց թիվ35 հանձնարարականը ռասիստական հռետորաբանության վերաբերյալ. Մասնավորապես՝ Կոմիտեն ընդգծեց ատելության հռետորաբանության դերը մարդու իրավունքների զանգվածային ոտնահարմանը և ցեղասպանությանը տանող գործընթացներում: Կոմիտեի անդամները ներկայացրեցին նշված հանձնարարականը՝ ամբողջապես գիտակցելով ռասայական ատելության ու խտրականության հրահրման գործում ատելության հռետորաբանության դերի մասին և ծավալուն կերպով անդրադարձան դրա վտանգներին:
Համընդհանուր Պարբերական Զեկույցը դարձել է մարդու իրավունքների պաշտպանության և առաջ մղման լավ միջոց: Հայտնի փաստ է, որ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների արդյունավետությունը կախված է անդամ պետությունների քաղաքական կամքից և պատրաստակամությունից՝ կիրառելու իրենց հանձնառությունները` հարգելով ընդունված կանոնները և ընթացակարգերը: Իր մեկնարկից սկսած՝ Համընդհանուր Պարբերական Զեկույցը կենտրոնանում է բացառապես մարդու իրավունքների վրա և խուսափում է բարձրացված հիմնախնդիրների քաղաքականացումից: Հայաստանին վերաբերող Զեկույցի քննության ժամանակ հայկական կողմն ընդունեց անդամ պետությունների առաջարկները: Ցավոք, Ադրբեջանը իր Զեկույցի դիտարկման ընթացքը վերածեց քաղաքականացված ներկայացման՝ հրաժարվելով ընդունել հայկական պատվիրակության արած առաջարկներից որևիցե մեկը, սոսկ այն պատճառով, մեջբերում եմ, «որ նրանք արվել էին Հայաստանի կողմից»: Այսպիսի վարքագիծը վտանգում է Համընդհանուր Պարբերական Զեկույցի ողջ հայեցակարգը և հիմնադրույթները: Սա ընթացակարգային կանոնների խախտում էր: Կոչ եմ անում անդամ երկրներին խստորեն արձագանքել նման դեպքերին, որպեսզի չստեղծվի նման ապակառուցողական նախադեպ:
Նախորդ տարի Հայաստանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Հայկական նախագահության գերակայությունները սահմանվել էին՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է աշխարհն այսօր` կապված մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայության հարգման հետ: Ռասիզմը, ռասայական խտրականությունը, այլատյացությունը և անհանդուրժողականությունը կոպտորեն խախտում են մարդու արժանապատվությունը և խթանում լարվածության աճը հասարակությունների ներսում և հասարակությունների միջև: Այդ է պատճառը, որ դրանց դեմ պայքարը դարձավ մեր նախագահության գերակայություններից մեկը:


Պարոն նախագահ,
Մենք հաճախ խոսում ենք մարդու իրավունքների համընդհանրության և անբաժանելիության մասին: Մարդու բոլոր իրավունքները հավասարապես կարևոր են և պետք է հավասարապես պաշտպանվեն: Այս կապակցությամբ ես կցանկանայի մատնանշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար նպատակների՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի առաջին հոդվածը ճանաչում է, որ բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, ինչն առանձնահատուկ կարևորություն ունի, քանզի նրա իրականացումը մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորման կարևորագույն նախադրյալ է: Այս անքակտելի իրավունքը միանշանակ պատկանում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Պարոն նախագահ,
Խոսելով Սիրիայի իրավիճակի մասին, որը շարունակում է մնալ բարդ և գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, ես կցանկանայի ողջունել Անվտանգության խորհրդի կողմից բանաձևի միաձայն ընդունումը, որը մատնանշում է մարդասիրական օգնության հասանելիության բարձրացման անհապաղ անհրաժեշտության մասին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել քաղաքացիական բնակչության նկատմամբ հարձակումները և բնակելի շրջանների պաշարումները: Մենք ողջունում ենք ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը: Հայաստանն արդեն ընդունել է 10.000-ից ավել փախստական Սիրիայից, և մեր կառավարությունը փորձում է անել հնարավորը՝ նրանց աջակցելու համար:


Պարոն նախագահ,
Ցեղասպանության և մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելումը պետք է լինի մեր գերակայությունների շարքում: Անցյալ տարի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանի ընթացքում, Հայաստանը նախաձեռնեց Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև, որը միաձայն ընդունվեց:
Այդ բանաձևի նպատակներից մեկն է ցեղասպանության կանխարգելումը ՄԱԿ անդամ պետությունների համատեղ ջանքերի միջոցով: Ես ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և շնորհակալություն հայտնել այն բոլոր երկրներին, ովքեր համահեղինակեցին այս բանաձևը: Երկու օրից՝ մարտի 7-ին, Մարդու իրավունքների խորհուրդը գումարելու է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկում, որը կազմակերպվում է՝ համաձայն նշված բանաձևի դրույթների: Կոչ եմ անում բոլոր անդամ պետություններին՝ ակտիվորեն մասնակցել այս քննարկմանը:
Շնորհակալություն»:

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ

ªï¼/spike">Ծաղրանկարչի կսմիթ Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո